«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հույս ունի, որ իրեն կարդարացնեն եւ ստիպված չի լինի 1 ամսվա ընթացքում աշխատանք գտնել, որպեսզի կրկին կալանավայր չվերադառնա: NEWS.am-ի հետ զրույցում 4 տարի կալանավայրում անցկացրած Հայկը նշեց, որ չէր ցանկանա այլեւս կալանավայրից գնալ աշխատանքի եւ նորից վերադառնալ կալանավայր:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին 1 ամիս սոցիալական արձակուրդ են տվել, որի ընթացքում նա պետք է աշխատանք գտնի, առավոտյան գնա աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնա կալանավայր, իսկ աշխատանք չգտնելու դեպքում նա ստիպված է վերադառնալ կալանավայր:

«Սպասում եմ վերջնական արդարացման, որ ես այդ անհրաժեշտությունը չունենամ բաց կալանքով գնալու աշխատանքի, գալու: Գնամ տուն ու տնից աշխատանքի ես ավելի արդյունավետ կարող եմ աշխատել, համ էլ ավելի ճիշտ կլինի, ավելի արդարացի կլինի ոչ միայն իմ անձնականի, այլ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի համար»,-ասաց Հայկ Կյուրեղյանը:

Նրա կարծիքով` ճիշտ կլիներ, որ ինչ-որ հանձնաժողով ստեղծվեր կամ դատավարություններ լինեին, որոնք քաղաքական նմանատիպ գործերով արդարացման դատավճիռներ կհրապարակեին:

«Դա իմ համար չեմ, ասում, այլ զավթած ռեժիմի դեմ պայքարած մարդիկ, այդ ռեժիմը տապալվելուց հետո արդարացվելու են, դա լավ նախադեպ կլիներ նոր Հայաստան, նոր հասարակարգ նոր պետություն կառուցելու համար»,- հավելեց նա:

Քաղբանտարկյալների ազատ արձակումը Հայկ Կյուրեղյանը կապում է երկրում իրավիճակի փոփոխության հետ, նրա կարծիքով եթե իրավիճակի փոփոխություն չլիներ, ավելի  շատ ռեպրեսիաներ եւ քաղբանտարկյալներ կլինեին. «Բայց լավ է, որ նման շրջադարձ եղավ, լավ կլինի, որ հասնենք վերջնական հաղթանակի եւ հեղափոխությունը արձանագրվի»:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: