Ցավոք անկախ Հայաստանի դատական իշխանության ստեղծման օրից հանդիսացել եմ միակ կին դատավորը, որը ներգրավված է եղել դատական ատյանների ղեկավար պաշտոններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը:

Նա նշեց, որ նոր օրենսդրությամբ, Սահմանադրական դատարանի անդամներից 9-ին ընտրում է Ազգային ժողովը, ընդ որում երեքին առաջարկում է ՀՀ նախագահը, երեքին կառավարությունը, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովը:

«Ցավոք, այսքան ժամանակ դատական իշխանությունը ներկայացված չի եղել Սահմանադրական դատարանում, մինչդեռ 2017-2018 թվականներին ՍԴ կայացրած որոշումներից 25-ը վերաբերել են քրեադատավարական եւ քաղաքացիադատավարական նորմերի սահմանդրականության խնդիրը: ՍԴ-ում ցավոք չի եղել դատական համակարգի հոգսն ու ցավը ներսից իմացող մասնագետ: Դատական իշխանության ներկայացվածությունը ՍԴ-ում կարեւոր է, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Դատական իշխանության մեջ աշխատած լինելը հնարավորություն է տալիս ավելի բովանդակային եւ մանրամասն պատկերացնել ներսում եղած խնդիրները»,-հայտարարեց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ ցավոք անկախ Հայաստանի դատական իշխանության ստեղծման օրից հանդիսացել է միակ կին դատավորը, որը ներգրավված է եղել դատական ատյանների ղեկավար պաշտոններում. «Այսօր գենդերային հավասարության խնդիրը մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներից մեկն է»:

ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ լինելով վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, հեղինակել է ավելի քան 130 նախադեպային որոշումներ, որոնց մի մասը կարելի է բնորոշել իրավունքի զարգացմանն ուղղված որոշումներ:

«Գրեթե ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ դատական համակարգին, սիրում եմ դատավորի աշխատանքը: ՍԴ դատավորի պաշտոնին հավակնելը պայմանավորված է իմ փորձը մեկ այլ ոլորտում կիրառելու ցանկությամբ»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ելիզավետ Դանիելյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նա թեկնածու է առաջադրվել, քանի որ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները հունիսի 16-ին տարիքի հիմքով դադարում են օրենքի ուժով: