Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վարտա» ֆուտբոլային ակումբի տնօրեն է դարձել Playboy-ի համար լուսանկարված նախկին մոդել Իզաբելա Լուկոմսկայա-Պիժալսկայան: Gwizdek24.pl կայքին տված հարցազրույցում 33-ամյա նորանշանակ տնօրենը հայտարարել է, որ հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի ներդրողներին գրավելու համար: Առաջին քայլերը կլինեն թիմի հանդիպումների մուտքն ազատ դարձնելը, ֆուտբոլասերիներին անվճար հուշանվերներ, ըմպելիքներ եւ խորտիկներ բաժանելը:

Այժմ նախկին մոդելը թիմին օգնում է լուծել առօրյա խնդիրները: Ակումբը ձեռք է բերել լվացքի մեքենա եւ չորանոց: Լուկոմսկայա-Պիժալսկայան սկսել է վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերի պարտքերը:

2012 թվականին լրանում է «Վարտա» ակումբի հիմնադրման 100 տարին եւ նոր տնօրենի նպատակն է թույլ չտալ Պոզնանի ամենահին ակումբի փակումը: Նախկին մոդելը խոստովանել է, որ չգիտի ֆուտբոլի կանոնները, սակայն չի համարում այդ բացը խոչընդոտ իր աշխատանքին:

«Վարտա» ակումբը հիմնադրվել է 1912-ին: Թիմը երկու անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն, սակայն այժմ երկրորդ դիվիզիոնի 18 ակումբների պայքարում զբաղեցնում է 16-րդ տեղը: