Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչությունն այսօր կեսօրից հետո ԵԿՄ կենտրոնական շենքում ստուգումներ է սկսել: Դրանք շարունակվել են մինչեւ ուշ գիշեր:  

Մինչ այդ, խուզարկություններ են կատարվել նաեւ Արցախում «Արա լեռ» կոչվող տարածքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այստեղ նույնպես «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, վաճառքի ոչ ենթակա զինվորական այլ ապրանքներ ու պարագաներ եւ զինամթերք են հայտնաբերել:

Հավելենք, որ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաեւ Երեւանում: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ բեռները ԵԿՄ շենքից տեղափոխվել են Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով: Տեղեկություններ կան նաեւ, որ Նազիկ Ամիրյանը կարող է բերման ենթարկվել: Մինչ այդ, ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը: Իրավապահները, սակայն, այս մասին մանրամասներ չեն հայտնում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար: Խոսքը, մասնավորապես, ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունն այսօր ստուգումներ է կատարել «Էլլիպս» ընկերությունում. այն Հայաստանում անվտանգության համակարգեր է տեղադրում: Ընկերության տնօրենի խորհրդականն ասում է՝ ոստիկանության գործողություններն իրենց համար անակնկալ չէին: Արամ Ղլեչյանը վստահեցրել է, որ որեւէ խնդիր չունեն իրավապահների հետ: Նա նաեւ մանրամասնել է, թե ինչի հետ են կապված ստուգումները:

Իրավապահները խուզարկություններ են կատարել նաեւ, այսպես կոչված, «օրենքով գողերի» եւ «քրեական հեղինակությունների» բնակարաններում: Արդյունքում զենք եւ թմրամիջոցներ են հայտնաբերվել ու առգրավվել: Ավելի քան մեկ տասնյակ «օրենքով գողեր» եւ «քրեական հեղինակություններ» էլ բերման են ենթարկվել: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, որ Եղիազարյանի նկատմամբ կիրառված կալանքը հիմնավոր է. նրա վարքագիծը դատարանին բերել է համոզման, որ ազատության մեջ գտնվելով նա պատշաճ վարքագիծ չի դրսեւորի:

Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը եւ 500 հազարական դրամ վճարել: Հավելենք, որ մինչեւ հիմա պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի 9 անդամ:

Արմավիրում այսօր տեղացած կարկուտը գրեթե հարյուր տոկոսով վնասել է բերքը: Մեծ վնասներ են կրել հատկապես Արագած, Ամբերդ, Աղավնատուն եւ Լեռնամերձ համայնքների այգիներն ու հողամասերը: Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանն ասում է՝ իրենց համայնքն արդեն 3-րդ տարին է՝ տուժում է կարկուտից: Կարկուտը տեղացել է շուրջ 30 րոպե: Արմավիրի մարզպետն արդեն հանդիպել է գյուղացիներին եւ խնդրել հաշվարկել ու գնահատել վնասի չափը, ինքն էլ իր հերթին կառավարություն կներկայացնի:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն փոքր-ինչ թանկացել է: Հունիսի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հունիսի 21-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն: