Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, իրավապահ մարմինների ղեկավարների մսնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը:
«Այսօր, կարծում եմ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է եւ այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետեւել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որեւէ այլ մեկնաբանություն չլինի: Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միեւնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը:
Շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որեւէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարեւոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի եւ առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ եւ այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:












