Ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, թե ոստիկանները հետախուզման մեջ գտնվող «Վստրեչի ապերին» սխալ հասցեում են որոնել:
«Մենք սխալ հասցեով չենք գնացել, «Վստրեչի ապերը» հետախուզման մեջ է: Համապատասխան որոշում կա հետախուզման: Ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում, պարտադիր պետք է հիմք լինի, պարտադիր պետք է լինեն տեղեկություններ: Մենք ունենինք համապատասխան օպերատիվ տեղեկություններ»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Ավելի վաղ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր) կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար հունիսի 18-ին Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում:











