ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին։ Ըստ նրա, համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես։
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Հայտարարությունը հնչել է հակամարտության հետագա կարգավորման շուրջ լարվածության և Ուկրաինայի քաղաքական ապագայի վերաբերյալ տարաձայնությունների ֆոնին։
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել փոխել Ուկրաինայի ղեկավարությունը՝ կասկածի տակ դնելով Վլադիմիր Զելենսկու՝ նախագահի պաշտոնում հետագա մնալը։ Ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացիները պետք է իրենք ընտրեն իրենց առաջնորդին, իսկ ընտրությունների անցկացումը հնարավոր է հրադադարի պայմանով։
Ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հասնել երկարատև հրադադարի համաձայնությանը։ «Եթե դուք իսկապես ցանկանում եք ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, խնդրում եմ, ասեք Պուտինին՝ տվեք մեզ երկու ամիս, 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրությունները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ երկրի ղեկավարության վերաբերյալ որոշումը պետք է պատկանի Ուկրաինայի քաղաքացիներին։





























