Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազության հայտարարությունը դեռ իրագործված չէ, այդ պատճառով մենք ինքնուրույն չենք կարող քաղաքապետի լիազորությունները դադարեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու հարցին:
«ՏԻՄ օրենքով դա կարգավորված չէ, դա կարող է լինել հետեւյալ կերպ, եթե դատախազությունը գնում է իր վճիռն իրագործելու ապա մենք պարտավոր ենք որպես տարածքային լիազոր մարմին ուղարկել ներկայացուցիչներ, ովքեր կֆիքսեն տվյալ անձի լիազորությունների դադարեցումը, բայց քանի որ դատախազությունը նման քայլի չի գնացել, այսինքն՝ Երեւանի դատախազությունը չի գնացել դա տեղում ֆիքսելու, մեզ էլ չի հրավիրել, մենք իրավասու չենք գնալ եւ օգտագործել մի մանդատ, որը մերը չէ»,-հայտարարեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:
Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:











