Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը փորձում է ճնշել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենին, որ նրա տեղը զբաղեցնի ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանի (Ծառուկյան խմբակցության պատգամավոր է-խմբ) փեսան: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Վանաձորի մարզպետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրանիկ Ղուկասյանը:

«Կան ինֆորմացիաներ, որ մարզպետը պարոն Լամբարյանի (նկատի ունի Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետին-խմբ) հետ այցելել է բուժհիմնարկներ, խոսքը հատկապես Սպիտակի բժշկական կենտրոնի մասին է: Այնտեղ տեղի է ունեցել խորհրդակցություն բժիշկների ու տնօրենի հետ: Հետագայում խնդրել են տնօրենին դուրս գալ եւ առանձնազրույց են ունեցել բժիշկների հետ: Խոսքն այն մասին է, որ այսպես ասած փորձել են ճնշել տնօրենին: Նպատակը նա է եղել, որ տնօրենը հրաժարականի դիմում ներկայացնի եւ տեղը զբաղեցնի ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանի փեսան»,- հայտարարեց Ա. Ղուկասյանն ու հավելեց« Այդպիսի ահազանգ եմ ես ստացել, այդ ինֆորմացիան պետք է ճշտվի մանրակրկիտ: Ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել դրանով, որտեղ կա արդեն պաշտոնական դիրքի չարաշահման խնդիր»:

Փոխմարզպետն նաեւ նշեց, որ իրեն հասած տեղեկություններով այլ հիմնարկություններում եւս ճնշումներ իրականացնելու ու տնօրեններին ԲՀԿ-ականներով փոխարինելու մասին խոսակցություններ են շրջանառվում, ինչն անընդունելի է:

Անդրանիկ Ղուկասյանն անդրադարձավ նաեւ նախօրեին մարզպետի կողմից լրագրողներին դահլիճից դուրս հրավիրելու ու մարզի դպրոցների տնօրենների հետ   առանձին զրույց ունենալու հարցին. «Իմ կարծիքով մարզպետը կամ ինչ-որ պաշտոնյա գաղտնի խոսելու բան պետք է չունենա»:

ՔՊ-ական փոխմարզպետը հայտարարեց, որ կոտրելու է պաշտոնյաների մասին  ձեւավորված բոլոր կարծրատիպերը. «Կարծրատիպերը ջարդելու հերթական քայլը հաջորդ շաբաթ ավտոբուսով Թումանյան խոշորացված համայնք գնալն է լինելու: Վստահ եմ, որ դա կարող է լավագույն տարբերակը լինել թե միջհամայնքային տրանսպորտի վիճակը գնահատելու, թե բնակիչների հետ անմիջական շփվելու առումով: Պետք  շատ այցեր ունենամ գյուղեր եւ չեմ պատրաստվում սուճ խմելու ռեկորդներ խփել կաբինետում»,- ասաց Ա. Ղուկասյանը: