2018 թվականի 5  ամիսների ընթացքում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը սեռական անձեռնմխելիության եւ  սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են:  Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«864-ից 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 842 դեպք, որից 41-ը սեռական անձեռնմխելիության եւ  սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, իսկ ընտանեկան բռնության  դեպքերը եղել են 241-ը, այսինքն  ընտանեկան բռնության դեպքերը նվազել են: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 164 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ 1 դեպք է գրանցվել, ծնողի  կողմից զավակի նկատմամբ 10 դեպք է  եղել, զավակի կողմից ծնողի նկատմմաբ 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել»,-ասաց նա: