Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 28-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը, այն է՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը եւ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որը ոչ միայն հարաբերությունների նոր իրավական հենք է, այլեւ կարեւոր գործիք Հայաստանի համար՝ խրախուսելու բարեփոխումները եւ գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը եւս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը:

Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ հանդիպմանն էլ Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարեւոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: