Պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում եւ համարում եմ, որ այս պատերազմի դեպքում այն ռեսուրսները, ինչ մենք ունենք, 70 տարեկան զենք բռնողն էլ կարեւոր է: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Երբ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել նաեւ ԵԿՄ-ին, թացը չորի հետ խառնելով, համարելով այդ կառույցը ի սկզբանե սխալ ստեղծված, համարելով այդ կառույցը երկրի դժբախտությունների պատճառ, ես իմ պարտքը համարեցի իմ ներուժի ու ունեցած հնարավորությունների, նաեւ ձեր միջոցով տեսակետ ասել ԵԿՄ-ի, նրա ձեւավորման, անցած ճանապարհի եւ նրա կարեւորության մասին:
Այդ ժամանակ որեւէ մեկը չէր պաշտպանում Երկրապահին, անգամ ԵԿՄ-ի ներսում եղած բազմաթիվ անհատներ սեփական ամբիցիաներ էին ցուցաբերում կամ խոսում էին Երկրապահի անվանափոխության մասին»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ինքը հայտ չի ներկայացրել երկրապահի նախագահ լինելու. «Հավանաբար շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է եւ որպես երախտագիտություն սկսեցին զանգահարել ինձ, որ կիսում ենք ձեր տեսակետը եւ լավ կլինի, որ գաք ԵԿՄ նախագահ։ Նման կոլեկտիվ առաջարկներ են եղել, դիմել են հայտարարություններ եւ կոչեր անելու առումով, ես բոլորին խնդրել եմ, որ նման բաներ չանեն, քանի որ որոշողը ԵԿՄ համագումարն է։ Ես քաղաքական մարդ եմ եւ այդ հարցի պատասխան չունեմ, եւ պատասխանը պետք է տա ինքը՝ ԵԿՄ–ն»,-ընդգծեց «Ելք» խմբակցության պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ ԵԿՄ-ն կարեւոր է նաեւ այսօր. «Պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում եւ համարում եմ, որ այս պատերազմի դեպքում այն ռեսուրսները, ինչ մենք ունենք, 70 տարեկան զենք բռնողն էլ կարեւոր է: Ես համարում եմ, որ ԵԿՄ-ն այսօրվա ամենամոբիլ կառույցն է՝ կռվի դաշտ հասնելու, ազատամարտիկին թիկունքին կանգնելու։ Դրանք մարդիկ են, որ ասում են պետություն մենք պատրաստ ենք քեզ համար զոհվելու եւ պետությունը չպիտի ասի ես դեմ եմ ձեզ ինչ–ինչ պատճառներով։ Ես գտնում եմ, որ ինքը 3-րդ հանրապետության ամենալուրջ կառույցն է, լուրջ արժեքն է, որը պաշտպանելով հայրենիքը իր հիմքի վրա ստեղծեց բանակը»:
Անդրադառնալով ԵԿՄ-ն լուծարելու կոչերին, Արամ Սարգսյանն ասաց. «Պետությունը քանդելը սկսում են այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, հավատքը խարխափելուց ու ԵԿՄ-ն քանդելը պետք է մտածել, թե ում է ձեռնտու։ Որ խրամատում նստած զինվորը մտածի, որ ԵԿՄ-ն ԵԿՄ չի, կաթողիկոսը կաթողիկոս չի, գեներալը գեներալ չի, բա այդ դեպքում ինքը ո՞ւմ է պաշտպանում, ինչի՞ համար է պաշտպանում: Սա գերկարեւոր թեմա է, որը մեր տնտեսական վիճակից էլ կարեւոր է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում։
Ես փորձել եմ տեսակետ ասել, շատերը սկսեցին չկիսել իմ մոտեցումը, ես երբեւէ չեմ հավակնել լինել այն քաղաքական գործիչը, ում մոտեցումները բոլորը կիսում են։
Ասում են, որ ես պատերազմը իրենց հետ հավասար չափով չեմ անցել եւ չեմ ճանաչում էդ տղաներին ինչքան որ պետք է: Ճիշտ են ասում, ես պատերազմին մասնակցել եմ մինչեւ 92-ը՝ Երասխի վերջին դիրքերի գրավումը, դրանից հետո իմ գործունեությունը պատերազմական գործընթացում եղել է ավելի շատ փոստատարի գործունեություն: Էդ տարիներին հեռահաղորդակցության այս միջոցները չկային, հեռախոսով շատ բաներ փոխանցելը նաեւ կարող էր լսել թե թշնամին, թե մեզ շատ սիրող բարեկամը, իսկ բաներ կային որ պիտի գաղտնի լիներ, ծրարներով, նամակներով թե՛ առաջին նախագահի, թե՛ եղբորս կողմից հանձնարարվել է ինձ, եւ ես ուղղաթիռներով ուղղակի կապ եմ ունեցել ղարաբաղյան իշխանությունների հետ: Պիտի ասեմ նաեւ այն մարդկանց, ովքեր կփորձեն ինձ մեղադրել, դա պակաս ռիսկային չէր ուղղաթիռներով թռնելը, քան որոշ տեղերում խրամատում լինելը: Ես էդ ժամանակ հայրենիքին արել եմ այն ծառայությունը, ինչը հայրենիքն ինձնից պահանջել է: Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել եւ լուծել եմ էն խնդիրներն, ինչն իմ առաջ դրվել են»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:











