Ես հակված եմ, որ ԵԿՄ-ն դառնա կուռ ընտանիք, իրեն քննադատողներից մինչեւ համախոհները բոլորը հավաքվեն այնտեղ, ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ էր եւ իրենց միջից ընտրեն ԵԿՄ նախագահ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը պատրաստ է օգնել ԵԿՄ-ին այդ հարցում:

Նրա խոսքով, ԵԿՄ-ում ժամանակն է վերանայել կանոնադրությունը, կա ԵԿՄ-ին նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը եւ պատանի երկրապահների կառույցը, որը օգտակար է. «Այդ երիտասարդները մինչեւ բանակ գնալը գոնե ինքնաձիգ քանդել–հավաքել են սովորում: Միջոցների սղության պատճառով կարող են այդ կառույցների գոյությունը վերանայել։ Չի բացառվում նաեւ ԵԿՄ–ում կոլեգիալ կառավարման մեթոդի անցնելը, չի բացառվում ԵԿՄ–ում ձեւավորել շտաբ մեկ ղեկավարով»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Ազատամարտիկների դաշինքը առաջարկում է համակարգող խորհուրդ ստեղծել եւ այդ ճանապարհով խնդիրները լուծվեն, որ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը կռվախնձոր չդառնա, համանախագահություն լինի:

Ազատամարտիկների դաշինքի տղաները՝ թե Ռազմիկ Պետրոսյանը, թե Գագիկ Մելքոնյանը հանդիպել են ինձ, երկար զրուցել ենք, ընկերներ ենք, հարգանքով ենք վերաբերվում իրենց, շատ եմ ցանկանում, որ վերադառնան ԵԿՄ»:

Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ԵԿՄ-ից շատերը հեռացել են 1999-ից հետո իշխանությունների գործունեության հետեւանքով. «Քանի որ երկրապահների մի խումբ չի ցանկացել ճանապարհ անցնել Սերժ Սարգսյանի հետ, դառել են ընդդիմադիր, պայքարել են իշխանության դեմ, մնալով շարքային երկրապահ, չդառնալով ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ համագումարների քաղաքական առումով քննադատելով ԵԿՄ գործունեությունը քաղաքական առումով, որից հետո սկսեցին ինձ չհրավիրել, ելույթի հնարավորություն չտալ, բայց մինչ օրս մնացել է ԵԿՄ-ական։ Ազատամարտիկների դաշինքը եւ որոշ երկրապահներ որոշեցին չմասնակցել այս ամենին եւ  սեփական կառույցը հիմնել։

Որոշ երկրապահներ որոշեցին դուրս գալ, քանի որ նախորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի ժառանգությունը իրենով անել, ասելով որ ամենից լավ ինքը գիտի Վազգենի նպատակները, ամենից լավ ինքը կարող է այդ ուղին շարունակել։ Նա ՀՀԿ–ն դարձրեց իրենը, փորձեց ԵԿՄ–ն իրենը դարձնել։ Այս առումով ևս տարանջատումներ տեղի ունեցան։ Այն տղաները, որոնք մնացին ԵԿՄ–ում այս տարիներին նաև իրենց տեսակետն ասելով, չդավաճանելով իրենք իրենց ընդդիմադիր մնալով, նրանց գործունեությունը ոչ թե հարմարվողականություն էր, այլ սխրանք։ Իմ ամենամեծ ցանկությունը այդ մարդկանց նորից մի տեղում հավաքելն է»,-հայտարարեց «Ելք»-ի պատգամավորը: