ԵԿՄ արդեն նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին ճանաչում եմ, ինքը պարտաճանաչ մարդ էր, խորին հարգանք ուներ իմ ընտանիքի ու ծնողների հանդեպ, ամենահաճախն է բոլոր օրերին՝ Նոր տարուց մինչեւ եղբորս ծննդյան օրը իր ընտանիքով ու երեխաներով այցելել մեր տուն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Ես իրեն լավ ու ճիշտ մարդ եմ համարում։ Այդ ազգանունը որքան իրեն օգնեց, այնքան էլ խանգարեց»:
Արամ Սարգսյանը չցանկացավ խոսել Գրիգորյանների ընտանիքի մասին. «Ես չէի ուզենա մտնել ընդհանրապես որեւէ մարդու ընտանիքի գործունեության մեջ։ Քաղաքական իմ ամբողջ գործունեության ընթացքում, անգամ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որի հետ մեր հակադրությունը թշնամանքի էր վերածվել, որի համար ափսոսում եմ, չպիտի այդպես լիներ, բայց երբ իր ընտանիքի, իր որդիների մասին որեւէ բան են ասում ես հակադարձել եմ՝ ասելով, որ չի կարելի կնոջ, ընտանիքի, որդիների, մայրերի մասին տեսակետ ասել։ Պիտի հիմնավոր հիմքեր ունենալ, նոր մարդուն մեղադրել:
Ընտանիքում տան նկուղ մտնող ամեն ինչից բոլորը տեղյակ է լինում, բայց այդ ընտանիքի դժբախտությունն այն էր, որ նրանք շատ նկուղներ ունեին, որոնք իրեն պետք չէր, ընտանիքի անդամները կարող էին որոշների տեղը չիմանային»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:











