Երեւանի Շիրակի 2 հասցեում 72-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ է պատշգամբի փլուզման հետեւանքով մահացել: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները մանրամասներ պատմեցին այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքից:
«Աղջիկս մեր տուն էր գալիս այդ ժամանակ 2,5 տարեկան երեխայի հետ: Երեխայի ձայնը լսելուց դուրս եկա, որ դիմավորեմ, մեկ էլ այդ պահին մի գմփոց եկավ, ես ասի՝ երեխես ընկավ մեքենայի տակ, բայց պարզվեց, որ պատշգամբն է փլուզվել ու էդ մեծ կինը վերեւից ընկավ ներքեւ: Ես վազեցի, ինքը դեռ շնչում էր: Աղջկաս ու թոռանս ասեցի, որ տուն գնան, դրանից հետո շտապօգնություն եմ կանչել, ահագին ուշացան, հետո փրկարարները եկան, մի 20 րոպե հետո նոր շտապօգնությունը եկավ»,-պատմեց հարեւանուհին, ով չցանկացավ ներկայանալ:
Նրա խոսքով՝ կինը ծանրամարմին է եղել, երբ հենվել է պատշգամբի ճաղավանդակներին, դրանք պոկվել են, կինն էլ ընկել է ներքեւ:
Համատիրության նախագահ Ռուբեն Աղաջանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Շիրակի փողոցում 188 պատշգամբի վերանորոգման համար դիմել են քաղաքապետարան, որից մոտ 40-ն է վերանորոգվել, սակայն իրենք բոլոր բնակիչներին ծանուցել են, որ պատշգամբներից չօգտվեն:
«Այս պատշգամբները հենց սկզբից էլ խնդիր են ունեցել եւ այսօրվա դեպքի ժամանակ էլ պատշգամբը ոչ թե տակից է քանդվել, այլ ամրակներն են առաջ գնացել եւ պոկվել, կինն էլ ծանրաքարշ էր, լվացք փռելուց առաջ է գնացել, ծանրությունն ընկել է ամրակներին ու պոկվել են»,-ասաց նա:
Շիրակի փողոցի 2-րդ շենքի բնակչուհի Ռիմա Հովեյանն էլ պատմեց, որ սա միակ դեպքը չէ, նախկինում էլի են պատշգամբներ փլուզվել, սակայն, բարեբախտաբար բնակիչներ չեն տուժել:
«Ինչի՞ են սպասում, որ մարդ մահանա, նոր գան, վերանորոգե՞ն: Էս շենքերը առանց այդ էլ վթարային է, վերանորոգման կարիք ունի: Ո՞վ է պատասխանատու էս դեպքի համար՝ թաղապետարանը, քաղաքապետարանը: Էն ուժեղ քամու ժամանակ էլ շենքի թիթեղն ընկավ 13 տարեկան երեխայի մեջքին, բա որ գլխին ընկներ, ո՞վ էր պատասխան տալու»,-ասաց շենքի բնակչուհին:
Նշենք, որ դեպքից ժամեր անց փլուզված պատշգամբն արդեն վերանորոգում էին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 13:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են Շիրակի փողոցի թիվ 2 շենքի 44-րդ բնակարանի (3-րդ հարկ) բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 3 քմ):
Փրկարարները պատշգամբի տակ հայտնաբերել են Ա. Կ.-ի (1946 թ.) դին:











