Քրիստոնեության ամբողջ հիմքը զղջումն է եւ հատուցումը, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը որեւէ հարցում չասաց, որ մեղավորություն ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:
«Դուք լսեցիք երեկ կաթողիկոսի ուղերձը: Կաթողիկոսը չի կարող երկու շերտ ունենալ, մի մասին ասել ուխտավորներ, մյուս մասին՝ ցուցարարներ: Եկեղեցու ցանկացած զավակ Մայր աթոռ գալով արդեն ուխտավոր է, անկախ նրանից, թե իր ուխտից հետո ինքն ինչ նպատակ է ունենում: Երբ մարդը բարձրացնում է եկեղեցու խնդիրները, դա էլ ուխտի մի տեսակ է: Մենք մեր Աստծո հետ ուխտ ունենք, որ միշտ վկայենք ճշմարտությունը: Այսքանը քիչ է, նա ուխտավորներին կոչ է անում չգալ Մայր Աթոռ: Սա նոր իրողություն է, երբ կաթողիկոսն ասում է՝ մի եկեք Մայր Աթոռ: Դա էլ քիչ է, ուխտավորները չեն լսում նրա հորդորը եւ հաջորդ առավոտյան գալիս են Էջմիածին: Երեխաները եկեղեցու դիմաց սպորտային պարեր են պարում, ընթացքում թեմերի հոգեւորականներ, մի քանի աշխարհականներով գնում օրհնություն են ստանում, էսպես մի հսկայական շոու է ստացվում»,-ասաց նա:
Կարեն Պետրոսյանը նշեց, որ իրենք որոշել են լինել բոլոր քաղաքներում, այսօր էլ առաջին անգամ Էջմիածնում են բողոքի ակցիա իրականացնում. «Մենք շատ առաջնորդների հետ տարբեր թեմերում հանդիպել ենք: Մենք ասում ենք, որ այսօրվա կաթողիկոսը նախկին իշխանությունների կցորդն է: Այն իշխանությունների, որ հարստահարել են մեզ, կեղծիքով ընտրությունների են մասնակցել: Այս կաթողիկոսը գնացել եւ օրհնել է այս իշխանություններին մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Այսինքն ԿԸՀ-ից առաջ ինքը որոշում է, որ ընտրությունները օրինական են: Նա դրանով անջրպետ է ստեղծում իր եւ ժողովրդի, իր եւ եկեղեցու միջեւ»:
Նա նկատեց, որ մարդիկ օրվա կաթողիկոսից որեւէ դրական բան չեն տեսել. «Մարդիկ կաթողիկոսին չեն տեսել օրհասական պահերին՝ մարտի 1-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի ժամանակ, չեն տեսել այս տարվա ապրիլյան ցույցերի ժամանակ: Կաթողիկոսի գլխավոր կոչումներից մեկը միաբանություն ապահովելու եւ արդարություն քարոզելու կոչումն է: Դուք այս 19 տարվա մեջ տեսե՞լ եք, որ մի անգամ կաթողիկոսը խփի գետնին ու ասի՝ այսինչ կամ այնինչ, դու անարդար գտնվեցիր: Դուք երբեւէ տեսա՞ք, որ կաթողիկոսը գա կանգնի ցուցարարի եւ իշխանության միջեւ եւ հայտարարի՝ ես միաբանության երաշխավորն եմ: Ես չեմ տեսել»:
Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա են որոշել փողոց դուրս գալ, Կարեն Պետրոսյանը պատասխանեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ հայ ժողովուրդը մեծ հոգեւոր զարթոնք ապրեց. «Կաթողիկոսը հին տիկն է, իսկ ժողովուրդը հայոց նոր գինին է: Մենք ասում ենք, որ հին իշխանությունն իր բոլոր կցորդներով պետք է հեռանա: Այն կլանային համակարգը, որ կաթողիկոսը ստեղծել է իր եղբայր Եզրասով, իր համագյուղացի Արշակ սրբազանով, ով դիվանապետ է, իր քրոջ որդով, որը թեմակալ առաջնորդ է, իր համագյուղացի Հովակիմ սրբազանով, որը Անգլիայում է: Մի գյուղից 5 եպիսկոպոս, նման բան պատմությունը չի տեսել:
Մենք ուրախ ենք, որ ունենք սիրված իշխանություն եւ տխուր ենք, որ ունենք չսիրված հոգեւոր առաջնորդ»:











