ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերը շաբաթ տեղի են ունենում երկրի բոլոր 50 նահանգներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ամերիկյան CNN հեռուստաալիքին:

Ցուցարարների պահանջներից են ներգաղթած ընտանիքների բաժանման քաղաքականությունից հրաժարվելը, ձերբակալվածների ազատումը եւ սահմանի անօրինական հատման հետեւանքով նրանց հանդեպ հետաքննության դադարեցումը, ինչպես նաեւ այսպես կոչված «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունից հրաժարվելը:

USA Today-ի տվյալներով, ցույցերը տեղի են ունենում  «Միավորենք ընտանիքները» կարգախոսով: 50 նահանգներից յուրաքանչյուրում առնվազն մեկ միջոցառում է անցկացվում, իսկ նահանգների մեծ մասում՝ մի քանի տասնյակ նման ցույցեր, մասնավորապես Տեխասում եւ Մասաչուսեթսում: