Հայկ Դեմոյանի հետ կապված երբեք խնդիր չենք ունեցել, անձնապես իրեն չեմ էլ ճանաչում: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի հնչեցրած հարցերին ու մեղադրանքներին:

«Մեր խնդիրն իրավական ընթացակարգերով, կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ այդ գործընթացն ապահովելն էր, մնացածը զուտ զգայական անհավասարակշիռ մոտեցումներ էին: Բայց մենք նորից խնդիր չենք տեսնում հետագայում հարցը քննարկելու համար»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց, որ հաշվի առնելով Հայկ Դեմոյանի՝ թանգարանում ունեցած դերը՝ նա եւս կարող է մասնակցել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

Ըստ Հովհաննիսյանի՝ թանգարան-ինստիտուտի շուրջ անառողջ մթնոլորտ էր ստեղծվել, ինչն ինքնըստինքյան որոշակի ճնշումներ էր ենթադրում:

«Գիտենք, որ անառողջ մթնոլորտ էր ստեղծված թանգարան-ինստիտուտի շուրջ, եւ այդ անառողջ մթնոլորտն ինքնըստինքյան որոշակի ճնշումներ էր ենթադրում: Գեւորգ Վարդանյանը շատ անսպասելի հրաժարական էր տալիս, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որը հիմնված է որոշակի փաստերի վրա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նարինե Մարգարյանին պաշտոնակատար նշանակելուն. փոխնախարարն ասաց՝ նա կոնֆլիկտների մեջ չի եղել, լավ հարաբերություններ է ունեցել Հայկ Դեմոյանի հետ, եւ նման կերպ փոխզիջումային տարբերակ է ընտրվել, այս պահին լավագույն լուծումը դա է:

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի՝ թանգարան-ինստիտուտ մուտք գործելուն. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ Դեմոյանը թանգարանի աշխատակից չէ, բայց գիտության մեջ ներդրում ունեցած մարդ է եւ կարող է գրադարանային ֆոնդի հետ աշխատել:

«Ես նրա հետ ծանոթ չեմ եղել, մենք հովանավորյալ չունենք, եւ դա կտեսնեք, մենք ուզում ենք իրավական ընթացակարգերով գործընթացը տանել առաջ: Ինչ փաստեր ուզում են՝ թող ներկայացնեն, մեր անցյալը շատ մաքուր է: Մի փաստ ներկայացվեց, 41 հոդվածի մարտահրավեր եղավ, և տեղը 46 հոդված եղավ»,- եզրափակեց ԿԳ փոխնախարարը: