Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցելության եւ շնորհավորանքի համար: «Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը: Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, եւ ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Հանրապետության վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը: «ՀՀ կառավարությունը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, իրավական համակարգի զարգացման ոլորտներում: Այս առումով, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սերտ համագործակցության ՀՀ կառավարության հետ եւ ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն: Կողմերը քննարկել են նաեւ ամերիկյան ներդրումների ներգրավման ընդլայնմանն ու երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:

Նիկոլ Փաշինյանը եւ Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կարեւորել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: