ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը: գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 35,177.6 հազար դրամով, իսկ ծախսերը՝ 35,177.6 հազար դրամով: Պատճառը Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրի-2 ենթակայանի վերականգնման ծրագիրը բյուջեում ներառելն է:

Կառավարության նիստի օրակարգում է նաեւ Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու հարցը: Հիշեցնենք, որ գյուղապետ Պետրոս  Քոչինյանը 2018 թվականի մայիսի 30-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: Նոր ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: