Հայկ Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության որոշմամբ նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հայկ Գրիգորյանը մինչ այդ զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ քննչական կոմիտեի նոր նախագահին՝ նշելով. «Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որեւէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը: Ես հույս ունեմ, որ քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»:
Իր հերթին Հայկ Գրիգորյանն ասաց. «Շնորհակալ եմ վստահության համար: Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունը արդարացնելու ենք, որեւէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»:











