ՀԷԿ–երի հետ կապված կան շատ մեծ խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Մենք նաեւ բաց նամակ ենք ստացել ՀԷԿ–երի միությունից, նրանք բողոքում են բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայից»,–նշեց նա։
Նախարարի խոսքով, նախկին մեթոդիկան, որի շրջանակներում տրվել է ՀԵԿ–երի թույլտվությունները, շատ վատ մեթոդիկա էր եւ ավելի բնորոշ էր հարթավայրային գետերին, ոչ լեռնային գետերին։
«Իրավական առումով չենք կարող ՀԷԿ շահագործողներին ասել նոր սկզբունքներով պետք է ստանաք թույլտվություն։ Մենք առաջարկել ենք ՀԷԿ–երին, որ գան վերանայեն բնապահպանական թողքի հաշվարկման պահանջները»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները), հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:
ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը











