ՃՈ տուգանքները համաներելու կառավարության նախաձեռնությունը ողջունելի է, բայց եթե մի լավ բան ենք անում, եկեք լրիվ անենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ հավելելով, որ այս օրինագծի հրատապ ԱԺ բերելը ժամանակավրեպ է:
«Հետաքրքիր, է՝ ի՞նչ չափորոշիչներից ելնելով են որոշվել բացառությունները, որոնց վրա համաներումը չի կիրառվում: Ի՞նչ չափորոշիչով է որոշվել, որ ԱՊՊԱ չունեցող վարորդին համաներում չտալ, իսկ 200 կմ արագությունը գերազանցած վարորդին համաներում տալ: Ո՞րն է դրա արդարությունը»,- ասաց Մախմուդյանը՝ հավելելով, որ պետք է թվային տվյալներ ունենալ, պարզել, թե այդ տուգանքներից որքանն է անհուսալի:
Նրա խոսքով, պետք է նաեւ ժամկետները վերանայել եւ համաներումը տարածել նաեւ այս տարի տեղի ունեցած խախտումների վրա:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:
Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը:











