Բնականաբար Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը ՀՀԿ-ում չի որոշվել, բայց քանի որ ես այն կուսակցականն եմ, որ կարողացել եմ որոշակի կազմակերպչական մոտեցումներ ունենալ ողջ կուսակցության ստեղծման պատմության մեջ, գտնում եմ, որ մենք եւ Երեւանի քաղաքապետի եւ ԱԺ-ի ընտրություններին կմասնակցենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Իհարկե, կարծում եմ, որ այն ձայները չենք վերցնի, որովհետեւ ինչ-որ բան փոխվել է երկրի ներսում, բայց մենք որպես քաղաքական ուժ կլինեն առաջին գծում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն այլեւս չունի հանրության վստահությունը, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հանրային վստահությունը դուք չեք որոշում, ոչ էլ՝ ես: Երբ ընտրություն կլինի, կմտածենք՝ հանրության վստահությունն ունենք, թե չունենք:

Բոլոր կուսակցություններն էլ հենց այսօր են խոսում մեծամասնություն վերցնելու մասին: Բնականաբար, կուսակցությունը եթե աշխատում է,. պետք է փորձի ավելի մեծ մեծամասնություն վերցնի: Թեպետ այսօր ոչ ոք չի կարող որոշել՝ ինքը ընտրություններում հաղթելու է, թե ոչ»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի շանսերին, Գալուստ Սահակյանն ասաց. «Անկախ նրանից՝ կլինենք իշխանության, թե չենք լինի, համենայնդեպս առաջին գծում կանգնած ուժերից մեկը կլինենք: Հիմա որ խոսում են, թե այսինչ գյուղապետը հանրապետական է, կամ ասում են՝ նոր իրավիճակ է, ուրեմն հանրապետականը վատն է, սրանք ընդամենը մոտեցումներ են: Իսկ ժողովրդի մոտեցումները կարելի է հաշվի առնել ընտրության պահին: