Հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի եւ կգնանք Երեւանի ավագանու արտահերթ ընտրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Իմ հաշվարկներով Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կլինի սեպտեմբեր ամսվա վերջին»,–նշեց նա։
Պատգամավորը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն մասնակցելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին. «Բարգավաճ Հայաստանը» կայացրել է քաղաքական որոշում՝ մենք անպայմանորեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք»։
Հարցին՝ ո՞վ է գլխավորելու «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը այդ ընտրություններում, որին ի պատասխան Զոհրաբյանը նշեց. «Այս պահին որեւէ անձի թեկնածություն չի քննարկվել։ Որեւէ քննարկում չի եղել, թե ով կգլխավորի Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը»։
Դիտարկմանը, թե ՀՀԿ–ն Երեւանի ավագանում մեծամասնություն է կազմում, ի՞նչ պետք է լինի, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չընտրվի, նա նշեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ–ն մտադիր չէ թեկնածու առաջադրել»։











