ՀՀԿ-ի իշխանության օրոք Ազգային ժողովի 4 ընտրություն է տեղի ունեցել, ինչու այդ ժամանակ չեք ներկայացրել ստվերային կաբինետ ներկայացնելու առաջարկը, եթե ասում եք, որ առաջարկը եղել է 2001 թվականից: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկին, ըստ որի, ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչության ժամանակ պետք է ներկայացնեն իրենց ստվերային կաբինետի կազմը:
«Դուք ունեցել եք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն քննարկելու եւ անցկացնելու, ինչու եք հիմա այս առաջարկը բերել»,-ասաց Բագրատյանը՝ դիմելով ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին:
Վերջինս արձագանքեց, որ իրենք տարբեր ժամանակներում ունեցել են բազմաթիվ գաղափարներ եւ իրենց մոտ եղել է բազմակարծություն. «Օրինակ ես առաջարկեմ արել, որ եթե պատգամավորը նախարար է նշանակվում, վայր է դնում մանդատը, բայց եթե չի շարունակում նախարարի գործունեությունը, վերադառնում է խորհրդարան: Ես հիմա էլ եմ այդ թեզը կարեւոր համարում, բայց քննարկումներում այդ թեզը մեր կուսակցությունում չի հաղթել: Դա չի նշանակում, որ եթե մի գաղափար հետաքրքիր է, բայց չի պաշտպանվել, եկեք լավ գաղափարը դեն նետենք: Այստեղ դավադրություն փնտրել պետք չէ»:
Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ստվերային կաբինետ ներկայացնելու թեզը պետք է լինի ոչ թե կոշտ կանոն, այլ փափուկ. Այսինքն, ասենք, ամրագրվի, որ ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել քաղաքական ուժերի ստվերային կաբինետի կազմը, եթե նրանք դա ներկայացնեն. «Ստացվում է, որ անուղղակի խթանում է պրոցեսը, բայց չի պարտադրում քաղաքական ուժերին պարտադիր ապագա կառավարության կազմ ներկայացնել»,-ասաց նա:











