Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջինի, ինչի հետեւանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից»: Այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարությունից։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության տարածած տեսանյութում շեշտում է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին առաջարկել են մտածել մի նոր մեխանիզմ, որով ԱՄՆ–ն իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Խոսելով պատվիրակության կազմի մասին՝ նա հայտնել է, որ կազմը նախեւառաջ պայմանավորված է եղել այն հանդիպումներով եւ միջոցառումներով, որոնք պլանավորված էին իրականացնել ԱՄՆ–ում։ «Այցի առաջնային նպատակը կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունն էր եւ Հայաստանի ազգային կամավոր զեկույցի ներկայացումը իմ կողմից։ Այդ նույն միջոցառման շրջանակներում նախատեսված էր 2 հարակից միջոցառումներ, որոնք Հայաստանը հանձն էր առել իրականացնել, այստեղ նաեւ անհրաժեշտ էին արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, սփյուռքի փոխնախարարների ներկայությունը, պատվիրակության կազմում էր նաեւ արտաքին գործերի նախարարը, ԱԳՆ ՄԱԿ–ի հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատարը, իմ արտաքին հարցերով խորհրդականը, թարգմանիչը, կայուն զարգացման հարցերով նորարարական լաբորատորիայի ղեկավարը»։
Միրզոյանի խոսքով՝ բացի զեկույցի ներկայացումը հայկական պատվիրակությունը կարեւոր հանդիպումներ է ունեցել ազդեցիկ կոնգրեսականների եւ պաշտոնյաների հետ. «Առաջնային նպատակը զեկույցի ներկայացումն էր, որը արեցի, ապա հետեւեց հարցուպատասխանը, երկու հարակից միջոցառումները տեղի ունեցան, բացի այդ՝ մենք հանդիպումներ ունեցանք UNDP–ի ղեկավարի հետ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր եւ տնօրեն Գարո Արմենի հետ, ՀԲԸՄ–ի կազմակերպած միջոցառմանը ներկա եղանք, հանդիպեցինք Նյու Յորքի համայնքի եւ ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ, ապա արդեն Վաշինգթոնում տեղի ունեցան մի շարք երկկողմ հանդիպումներ բավականին ազդեցիկ կոնգրեսականների հետ, պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ, այլ պաշտոնատար անձանց հետ, որոնց ներկայացրեցինք ՀՀ քաղաքականության նոր առաջնահերթությունները, Հայաստանում վերջին զարգացումները, հեղափոխությունը, արժեքները, որոնք դրված էին հեղափոխության հիմքում։ Շատ լուրջ քննարկումներ ունեցանք ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցով, մասնավորապես՝ ԱՄՆ–ի կողմից ՀՀ–ին ցույց տվող աջակցությունը, առեւտրային կապերի խորացումը, ուղղակի ներդրումների մեծացման հնարավորությունը, ՀՀ համար շահավետ բազմաթիվ այլ հարցեր»։
Առաջին փոխվարչապետը հիշեցրել է՝ կա այդպիսի պրակտիկա՝ աշխատանքային այցերի ընթացքում ունենալ հանդիպումներ, որոնք արարողակարգային առումով պարտադիր չէ, որ լուսանկարային լինեն, պարտադիր 2 նախագահների, երկու վարչապետերի, 2 հավասարազոր պաշտոնյաների հանդիպումներ, որովհետեւ «կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, որոնց քննարկումը ավելի արդյունավետ է ստացվում, երբ քննարկումը տեղի է ունենում կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջեւ»։ «Օրինակ, մեր տարածաշրջանի գծով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելը բավականին տեղեկացված, բավականին ազդեցիկ պաշտոնյա է, որի հետ վստահաբար արժի քննարկել մեր տարածաշրջանին եւ ԱՄՆ–ին վերաբերող հարցեր»,–հավաստիացրեց նա։
Արարատ Միրզոյանը հաղորդել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ առաջիկա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան–Թրամփ հանդիպում. «Կոնգրեսում ստորահավաք է սկսվել, նամակ են հղում նախագահ Թրամփին, հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից եւ մենք հավաստեցինք, որ՝ այո՛, քննարկվում է հնարավոր հանդիպումը»։
Խոսելով ծախսերի մասին՝ Միրզոյանը նկատել է վարչապետի աշխատակազմի վրա ուղեւորությունը արժեցել է 4.5 միլիոնի կարգի գումար, գուցե մի փոքր քիչ, իսկ նախարարության ներկայացուցիչների համար վճարվել է տվյալ նախարարության բյուջեից, իսկ Հանրային հեռուստատեսության ներկայացուցչի ուղեւորությունը հոգացել է հեռուստատեսությանը։











