21-ամյա Գալինա Կարապետյանն ու Նարինե Մուրադյանն առաջին աղջիկներն են, որոնք ավարտում են Ռազմական ավիացիոն համալսարանը:

NEWS.am-ի հետ զրույցում աղջիկներն անկեղծանում են. երբ 4 տարի առաջ ընդունվում էին համալսարան, ծնողները դեմ էին, բայց այս տարիների ընթացքում ոչ միայն համակերպվել են, այլեւ ուրախ են որոշման համար:

«Դեռ դպրոցական տարիներից սերը եղել է դեպի այս մասնագիտությունն ու բանակը: Որոշեցի սովորել եւ կարողանալ օգնել իմ ազգին, բանակին: Ընտանիքում զինվորականներ չկան, մի քիչ դեմ էին, բայց մտածեցին չխոչընդոտել»,- ասում է Գալինան:

Մուրադյանների ընտանիքում եւս զինվորականներ չկան: Նարինեն հիշում է, որ ծնողները դեմ էին, որովհետեւ մտածում էին՝ զինվորականի մասնագիտությունն աղջկա համար չէ. «Հայկական մտածելակերպից ելնելով՝ սկզբում դեմ էին, դժվարություններ, իհարկե, եղել են, բայց հետո տեսնելով սերն իմ մասնագիտության նկատմամբ՝ համակերպվել են ու սկսել են նույնիսկ սիրել այս աշխատանքը»:

Կուրսի տղաների համար նույնպես սկզբում զարմանալի ու մի քիչ անընդունելի է եղել:

«Դժվարություններ կային, հայկական մտածելակերպում չկա, որ աղջիկը կարող է բանակում լինել, ծառայել, իրենց մտածելով՝ աղջիկը պետք է տանը նստի ու տան գործերով զբաղվի, դրա համար խոչընդոտներ եղան, բայց հիմա համակերպվել են: Մենք կարողացել կոտրել կարծրատիպը, որ աղջիկը պետք է միայն տնային գործերով զբաղվի»,- նշում է Գալինան:

Աղջիկներն առաջիկայում ծառայության կանցնեն Սյունիքի մարզում: