Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն իր մի խումբ համակիրների հետ կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Նրա կարծիքով՝ բազմաթիվ ընտրություններ խախտումներով անցկացրած Մուկուչյանն այլեւս չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը:

«Նա ցանկանում է այս գործընթացից պլստալ, դուրս մնալ՝ իբր ինքը կապ չունի իր նախկին ղեկավարների հետ, բայց այդպես չի կարող լինել: Երեւանի ավագանու ընտրությունները չպիտի ընտրախատումներով անցնեն»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա հավելեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու, եւ ինքը հույս ունի, որ արդյունքի կհասնեն: