Մենք հավատում ենք, որ այս անգամ արդար ընտրություններ են լինելու, բայց կուզեինք, որ անվստահության նշույլ չմնար, իսկ ԿԸՀ նախագահի հրաժարականը կօգներ դրան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւանի հանրություն» նախաձեռնության ցուցակի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նա եւ ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը համապատասխան փաստաթղթերն էին բերել ԿԸՀ:

Անահիտ Թարխանյանը նշեց, որ իերնց ցուցակում ընդգրկված է 47 անձ: Կարգախոսն է՝ «Երեւանի հանրություն ի շահ հարազատ քաղաքի»:

Որպես գլխավոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Երեւանում, Թարխանյանը նշեց առողջապահությունը, շրջակա միջավայրը, սոցիալական խնդիրները, որոնք ներառում են ներառական քաղաք, մանկապարտեզներ, դպրոցներ. «Երկրորդը ենթակառուցվածքային խնդիրներն են, որտեղ մտնում է տրանսպորտը, ինժեներական բոլոր ցանցերը եւ վերջինը՝ աշխատատեղերի մեծացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է»:

Անդրադառնալով ընտրությունների մասնակից ուժերին, Անահիտ Թարխանյանը նշեց, որ պետք է կարեւորություն տալ ծրագրերին, ոչ թե անձանց: Նա ընդգծեց, որ իրենց ցուցակի վերին հորիզոնականներում անկուսակցականներ են, մասնագետներ են:

Նշվեց, որ ցուցակի երկրորդ հորիզոնականում Արամ Գրիգորյանն է, երրորդում՝ Արմեն Հովհաննիսյանը: Ցուցակում է նաեւ «Դոսաաֆ»-ի ղցեկավար Արկադի Տեր-Թադեւոսյանի տեղակալներից Մուրադյանը, «Երիտասարդ բժիշկների ասոցիացիայից» Անի Երեմյանը: Թվով 14 հկ-ներ են միացել նախաձեռնությանը:

Իր խոսքում Արմեն Հովհաննիսյանը նշեց. «Երեւանի ավագանիում ՀՀԿ խմբակցությունն այսօր 46 անդամ ունի: Մենք չենք ուզում մեզնով փոխարինել ՀՀԿ խմբակցությունը: Մենք գտնում ենք, որ ավագանին պետք է լինի բազմակուսակցական, ազատ ամբիոն, որոշում ընդունելու տեղ: Դրա համար մեզ 46 ընտրված անդամը բավարար է»:

Նշենք, որ «Երեւանի հանրությունը» ձեւավորել են ԳԱԼԱ կուսակցությունը եւ կանաչների կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն է, երբ կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Արդեն իսկ 11 քաղաքական ուժեր հայտարարել են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին: Երեկ երեկոյի դրությամբ իր փաստաթղթերը ԿԸՀ էր ներկայացրել միայն Ռեֆորմիստների կուսակցությունը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերին եւ նրանց ցուցակը գլխավորող (քաղաքապետի թեկնածուներ) անձանց անունները:

«Քաղաքացիական պայմանագիր» - Հայկ Մարության

«Լույս» դաշինք («Լուսավոր Հայաստան եւ «Հանրապետություն» կուսակցություն) – Արտակ Զեյնալյան

ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյան

«Երկիր ծիրանի» - Զարուհի Փոստանջյան

ՀՅԴ – Միքայել Մանուկյան

«Ժողովրդավարական ուղի» - Մանուել Գասպարյան

ՀՀՇ – Արարատ Զուրաբյան

«Երեւանի հանրություն» նախաձեռնություն – Անահիտ Թարխանյան

Ռեֆորմիստներ կուսակցություն - Արտակ Ավետյան

«Օրինաց երկիր»- Մհեր Շահգելդյան