Հայ–ռուսական հարաբերություններում շատ բարձր նշաձող է սահմանված եւ դրան հարմարվելու, հետեւելու եւ արժանի լինելու համար ջանքեր են պետք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հայ–ռուսական փայլուն են, նշեց. «Ես որպես ՀՀ քաղաքացի շատ ուրախ կլինեմ, եթե հայ–ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերություններում իրոք որեւէ խնդիր կամ կնճիռ չլինի։ Քանի որ անկախ օրվա իշխանությունից այդ հարաբերություններ ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից են։ Կցանկանայի հավատալ վարչապետի այդ հայտարարություններին, եթե դրանք այդքան հաճախ չհնչեին վերջին օրերին, 3 թե 4 անգամ 3 օրվա ընթացքում՝ «Զինուժում», «Կոմերսանտում», հանդիպման ընթացքում, հետո էլի մի տեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այդ հարաբերությունների, այդ թվում՝ անձնական հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին»։

Աշոտյանը հորդորում է այդպիսի հաճախությամբ  հայ–ռուսական հարաբերությունների՝ փայլուն լինելու մասին չխոսել, որովհետեւ ակամայից հիշում է «մեկ այլ՝ շատ ավելի կայացած վարչապետի՝ Մարգարետ Թետչերի թեւավոր խոսքերը, որ եթե դուք ստիպված եք ամեն անգամ ապացուցել, որ լեդի եք, ուրեմն հաստատ լեդի չեք»։ Պատգամավորի կարծիքով՝ այդ թեւավոր խոսքը հիմք ընդունելով պետք է հասկանալ, թե որտեղ է ավարտվում քարոզչությունը եւ սկսվում հայ–ռուսական հարաբերությունների իրական օրակարգը։

«Կարծում եմ կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել իր հայտարարած ուղենիշներում հետեւողական լինելու համար։ Օրինակ ես չգիտեմ խոսել է վարչապետը ՌԴ նախագահի հետ Փանիկ գյուղի դեպքի մասին, որը շաբաթներ առաջ հապճեպ որակում էր որպես սադրանք։

«Կոմերսանտի» հետ հարցազրույցից պարզվում է, որ խոսել են նաեւ ՀՀ ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցերից, չնայած մինչ այդ ասում էին, որ ՌԴ գործը չէ ՀՀ ներքաղաքական հարցերը»,–հավելեց նա։

Պատգամավվորը կարծում է, որ հայ հասարակության պետք է հետաքրքրի եւ  հետաքրքրում է օրինակ երկու երկրների ղեկավարները խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, արդյոք ռուսական կողմի դիրքորոշումն ինչպիսին է, կան արդյոք միջնորդական առաքելության նոր հնարավորություններ։

Աշոտյանը նկատեց՝ կան մտահոգություններ, որոնց փարատման համար «Կոմերսանտին» տված հարցազրույցը բավարար չէ։ «Հարցազրույցներով արտաքին քաղաքականությունն արդյունավետ չի դառնում, դառնում է գործողություններով»։