Հիմնականում մարդիկ կան, որոնք ինչ-որ չափով այդ գոտիներում ժամանակին աշխատել են, մնացած բոլորը քաղաքապետի բան չեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՈԵրեւանի քաղաքապետի թեկնածուներին:
«Եթե ինձ առաջարկեին քաղաքապետ, ինձ մոտավորապես 1-2 ամիս պետք էր, որ մտածեի՝ գնամ, թե չգնամ, որովհետեւ սա բավականին լուրջ կառույց է: Այնպես չէ, որ պիտի գնաս ու ամեն ին ձեռքդ ընկնի, առավելեւս, որ Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետներից մեկն է: Երեւանը երբեք այսպես շնչող չի եղել թե կոմունիստական հասարակարգում, թե մեր օրերում»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ում նկատի ունի, երբ ասում է՝ «քաղաքապետի բան չեն», նա արձագանքեց. «Ես ասում եմ՝ որպես քաղաքապետ չեն կարող աշխատել, որովհետեւ դա դժվար աշխատանք է: Կարծում եմ՝ ովքեր որ ընտրվեն, այնտեղ բավականին փորձառու մարդիկ կան, եթե նրանք մնան աշխատանքի, ինչ-որ կերպ գործն առաջ կգնա»:
Իսկ «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին Գալուստ Սահակյանն ասաց. «Ես շատ ցավում եմ, որ դերասանական արվեստը Հայաստանում միանգամից կձախողվի»:











