Ոչ մի կուսակցության հետ մենք պայմանավորվածություն ձեռք չենք բերել. ոչ մեկի հետ չկան անդրկուլիսային, ապօրինի եւ անազնիվ պայմանավորվածություններ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն պետըք է շահագրգռված լինի, որպեսզի Երեւանի ավագանու ընտրություններն օրինական լինեն: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողներին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հանրապետական կուսակցության հետ արդյոք կա՞ ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու պայմանավորվածություն:

«Ո՛չ, ոչ մի պայմանավորվածություն չկա: Մենք պայմանավորվածության ենք հասնում միայն Երեւանի բնակիչների հետ, նա պետք է քաղաքապետին նշանակի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը որոշ ուժերի գոյության մասին, որոնք ներկայանում են հեղափոխության պաշտպաններ, սակայն իրականում ՀՀԿ-ի հետ գաղտնի համաձայնության են գնում, ապա նախարարը հրաժարվեց որեւէ գնահատական տալ՝ վկայակոչելով, թե ժամանակ չի ունեցել Փաշինյանի ելույթին ամբողջությամբ ծանոթանալու:

Նախարարը հրաժարվեց պատասխանել նաեւ այն հարցին, թե վարչապետը ում կարող էր նկատի ունենալ՝ խոսելով այդ ուժերի մասին: «Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, սա անհրաժեշտություն է: Առանց դրա անհնար է այս ճգնաժամից դուրս գալ»,- նշեց Զեյնալյանը:

Ի պատասխան հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք իր թեկնածությանը կամ «Լույս» դաշինքին աջակցո՞ւմ է, նա հայտարարեց. «Ես «Լույս» դաշինքի թեկնածուն եմ, եւ մենք ակնկալում ենք, որ Երեւանում դիմակայություն չի ձեւավորվի: Մերժվածներ չեն լինի: Ով ցանկանում է՝ թող իմ օգտին ձայն տա: Ես չեմ կարող քվեախցիկում մարդկանց ձեռքը բռնել, որ իմ օգտին չքվեարկեն: Թող բոլորը ընտրությունների արդյունքներին վստահեն»: