Գիտեմ՝ ով ում հետ է հանդիպել, մի դեպք առնվազն գիտեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք»խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում հանրապետականների հետ։

«Հանրապետական կուսակցությունը ծառայություններ մատուցած տարբեր անձինք հիմա տարբեր մարդկանց հետ բանակցում են, հանդիպում են, քննարկում են։ Դա նորմալ է, թող բանակցեն, բայց թող չշտապեն, որովհետեւ ընտրությունները ցույց կտան, որ այդ գործելաոճը, որը նախկինում ունեցել է պետության սատարումը, այլեւս պետության սատարումը չի ունենա եւա յդ գործընթացն իրականացնել չի ստացվելու»,-նշեց նա։

Հարցին՝ պատգամավորն անձամբ տեսե՞լ է, պատգամավորն ասաց․ «Համարենք տեսել եմ»։

Դիտարկմանը, որ Արամ Սարգսյանն արդեն իսկ ասել է, որ ՀՀԿ-ում շատ ընկերներ ունի, հանդիպում է նրանց հետ, Ալեն Սիմոնյանը արձահանքեց․«Տեսեք՝ շատ լավ օրինակ է»։ Այնուհետեւ,սակայն, պարզաբանեց, որ, իր կարծիքով, Արամ Սարգսյանը այլ բան է նկատի ունեցել, դրա մասին չի եղել խոսքը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ հենց «Ելք» դաշինքից լինի նշյալ գործիչը, պատգամավորը շեշտեց՝ «Ելք» դաշինք այլեւս չկա, կա խորհրդարանական խմբակցություն «եւ գալիք ԱԺ ընտրություններում հավանականությունը գրեթե զրոյական է, որ մենք կմասնակցենք ընտրությանը «Ելք-ով»։