Գաղտնալսումների նպատակը եղել է Մարտի 1-ի եւ այլ գործերով կանգնեցնել իրավապահների գործունեությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների՝ այսօր տարածված սկանդալային ձայնագրությանը:

«Հարցն այն է, որ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքավորումներ եւ գաղտնալսում են բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց պատգամավորը։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ձայնագրությունում որեւէ տվյալ չկա դատավորների նկատմամբ կիրառված ճնշումների մասին. «Այսինքն՝ այն, ինչ ուզում էին ապացուցել, հակառակն ապացուցվեց»:

Պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ գործ ունեն լուրջ հանցագործների հետ։

«Մենք դեպքեր գիտենք, որ մարդիկ 1000 դրամի համար մարդ են սպանում, դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ թվերի մասին է խոսքը ու ինչի են պատրաստ պոտենցյալ հանցագործները, որպեսզի կանխեն այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Դուք հասկանո՞մ եք՝ մենք ինչի մասին ենք խոսում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ Մարտի 1-ին հրաման է եղել սպանել ոստիկանի, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելն արդարացված լինի»,- հայտարարեց նա։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ նման գաղտնալսումներ հրապարակելով՝ իրենց սկսած գործը կանգնեցնել չեն կարող. «Այս ամենը կանգնեցնել չի լինելու։ Ում վրա ուզում են՝ տեսանյութ գրեն, ում ուզում են՝ գաղտնալսեն, ինչ ուզում են՝ գտնեն. տղե՛րք, չի ստացվելու ձեզ մոտ»:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում ձայնագրություն է տարածվել, որում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Ավելի ուշ վերջիններն ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է: