Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ԱԱԾ տնօրեն–ՀՔԾ պետ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարը իրավունք չունի ԱԱԾ ղեկավարի հետ մտքեր փոխանակել, ես այդ կարծիքը չեմ կիսում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Ես այն կարծիքի չեմ, որ խոսելը պետք է արգելել՝ պատճառաբանելով, որ այդտեղ կարող է լինել նախաքննական գաղտնիք։ Ի վերջո, եկեք ընդունենք, որ ԱԱԾ–Ոստիկանություն–նախաքննական մարմին գործունեությունը, եթե փոխհամաձայնեցված չեղավ, չի կարող տալ արդյունք»,–ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։
Ճշտող հարցին, որ խոսքը դատավորի եւ ԱԱԾ պետի խոսակցության մասին է, պատգամավորը պատասխանեց. «Բաներ են ասվում, որոնք պետք է ճշտել։ Եթե վերցնում ենք դասական վիճակը, բնականաբար, ՀՀ գործող օրենսդրությունը ուղղակի չի թույլատրում որեւէ դատավորի՝ իր որոշումները պայմանավորել որեւէ այլ պաշտոնյայի, ԱԱԾ կամ ՀՔԾ պետի որոշումներով եւ գործողություններով, որովհետեւ ՀՀ–ում հռչակված է անկախ դատարան ինստիտուտը, որը բացառում է ցանկացած ոչ իրավաչափ գործողություն։
Բայց ես ոչ իրավաչափ չեմ համարում մասնագիտական քննարկումները։ Ի վերջո կարող են 2 դատավոր, 3 քննիչ կոնկրետ գործի հանգամանքների վերաբերյալ իրար հետ խոհրդակցություն ունենալ, ես սա հակված չեմ լինի որակել որպես նախաքննության գաղտնիք»։
Դիտարկմանը, որ Հանրապետականները ավելի կոշտ դիրքորոշում ունեն, ասում են՝ ձայնագրությունը ապացուցեց, որ «զանգովի» արդարադատություն կա Հայաստանում, պատգամավորը հակադարձեց. «Ամեն մարդ իր կարծիքը արտահայտելու իրավունք ունի, բայց պետք է ճշտել՝ իրականում այդ դատավորը կրե՞լ է այդ ազդեցությունը, թե ոչ։ Հնարավոր է, որ զրուցել են, բայց ազդեցություն կրելու փաստը ապացուցման ենթակա հանգամանք է, ես հիմա ձեռնպահ կմնամ իրավաբանական գնահատական հնչեցնելուց»։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:
Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:











