Ցանկացած հայտարարության հեղինակ պետք է կոնկրետացնի հայտարարության թիրախը, որպեսզի ակնկալի կոնկրետ արձագանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Անդրադառնալով օլիգարխների՝ զենքը հանձնելու, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նա նշեց. «Ես չգիտեմ նա ում նկատի ուներ, մեր խմբակցությունում ոչ մեկը զինված չի շրջում, ես ոչ մեկին ամրացված զենք չեմ տեսել, կարծում եմ, որ այդ հայտարարությունը մեզ չի վերաբերում»։
Լրագրողի հարցին՝ ԲՀԿ ղեկավարը, որը հսկայական գումարների է տիրապետում մտադիր չէ՞ վարչապետի խոսքին լսել ու բյուջե վերադարձնել գումարները, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Մեր խմբակցության ղեկավարը ինչի որ տիրապետում է, դա նրա մասնավոր սեփականությունն է եւ որեւէ ձեւով որեւէ տեղ չկա հաստատված, որ այդ սեփականությունը կուտակել է օրենքների խախտմամբ, իսկ մարդու սեփականությունը անձեռնմխելի է, այդ մասին գրված է ՀՀ Սահմանդրության մեջ եւ որեւէ պաշտոնյա, այդ թվում երկրի թիվ 1 պաշտոնյան իրավունք չունի որեւէ մեկի, այդ թվում մեր կուսակցության ղեկավարի սեփականությունը խլել»։
Դիտարկմանը, որ Ծառուկյանը տարիներ շարունակ հարկային արտոնություններից է օգտվել եւ խուսափել հարկերից, պատգամավորը հակադարձեց անմեղության կանխավարկածը հիշեցնելով. «Դա ձեր անձնական կարծիքն է, հարգելի լրագրող, շատ խոսակցություններ կարող են շրջանառվել, եկեք հարգենք դիմացինի անմեղության կանխավարկածի սկզբունքը, շատերի մասին շատ բան կարող են ասել, Ծառուկյանին պատկանող օբյեկտներում մի քանի տասնյակ ստուգումներ են իրականացվել, այդ թվում 2015 թ–ից հետո մինչեւ այսօր, եւ որեւէ խախտում չեն հայտնաբերել»։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:
Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:











