Դատավորներին ցուցում տալ չի կարելի և չի տրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցին։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը տանում է միակուսակցական ճանապարհով՝ սևերի և սպիտակների բաժանումով, Պապիկյանը պատասխանեց. «Միակուսակցական համակարգի մասին խոսք լինել չի կարող, որովհետև առաջիկա ԱԺ ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունենալու ներկայանալ, և հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժն ինչ կերպ է ներկայացված լինելու Հայաստանի քաղաքական կյանքում»։

Սուրեն Պապիկյանը չհամաձայնեց կարծիքին, թե Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթում, ըստ էության, հաստատեց Հայկ Մարությանի՝ սևերի և սպիտակների մասին տեսակետը, և ով իրենց ձայն չտա, ուրեմն սև է:

«Ո՛չ: Պարզապես պարոն Փաշինյանը նշել է, որ Երևան քաղաքում հեղափոխական ցուցակում ներկայանում է մեկ քաղաքական ուժ. դա «Իմ քայլը» դաշինքն է, և հեղափոխական ուժի թեկնածուն Հայկ Մարությանն է, այստեղ տարընթերցում չի կարող լինել»։

Հարցին՝ ովքե՞ր են հակահեղափոխական ուժերը, որոնց մասին խոսում է վարչապետը, Պապիկյանը պատասխանեց. «Երբ անվանական կհնչի, թե ով է հակահեղափոխության դրոշակակիրը, այդ ժամանակ էլ բոլորս կիմանանք։ Երեկվա ձայնագրությունից հետո հստակ է, որ կան ուժեր, որոնք փորձում են պղտորել Հայաստանում եղած այս մաքուր, պարզ վիճակը»։

Նրա խոսքով՝ հստակ է, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր դրսից օգնություն են խնդրում, ներհայաստանյան խնդիրները փորձում են տեղափոխել այլ հարթակներ, խոսում են տարբեր երկրների հետ հարաբերությունների վատթարացման, Հայաստանի վարկի անկման մասին։

«Մենք էլ պարզապես մեր գործողություններով ցույց ենք տալիս, որ ամեն ինչ շատ կայուն, հստակ է, մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ կայուն են»,- հավելեց նա։

Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Պապիկյանը հավաստեց, որ իշխանությունները չեն օգտագործելու իրենց վարչական լծակները, իսկ այն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ովքեր կփորձեն շրջանցել օրենքով վերապահված իրենց լիազորությունները, նրանցով կզբաղվեն պատկան մարմինները։