Քարոզարշավին հակահեղափոխական որեւէ ուժ չի մասնակցում, քաղաքականության մեջ խաչբառ լուծելն իմ սիրելի զբաղմունքը չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթունում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը (ֆոտոռեպորտաժ

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե կան ուժեր, որոնք իրենց «ընկեր» են կոչում կամ «կոալիցիոն գործընկեր» եւ «խաղեր են տալիս հակահեղափոխականների հետ», ԲՀԿ թեկնածուն ասաց. «Երբ որ հստակ կնշեն, թե ովքեր են այդ կոալիցիոն ուժերը, կոնկրետ ում նկատի ունեն՝ մե՞զ, Էդմոն Մարուքյանի՞ն, ՀՅԴ-ի՞ն... քանի դեռ կա ընդհանուր տեսական հայտարարություն, ես հարկ չեն համարում անդրադառնալ, որովհետեւ դա ժամանակի կորուստ է»։

Այդուհանդերձ, Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները «սեւի եւ սպիտակի ընտրություններ» որակելով՝ վարչապետը շատ վատ մեսիջ ուղարկեց հանրությանը. «Այսինքն՝ ժողովուրդը հիմա ընտրելու է սեւ ու սպիտակ. վարչապետը կոչ հնչեցրեց՝ ընտրել իրենց, սպիտակն իրենք են, այսինքն ստացվում է՝ մնացած բոլորը սե՞ւ են»։

Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ այս դիրքորոշմանը, նրա համար չկա այդպիսի ջրբաժան. «Այսօր ինձ համար, որպես Երեւանի ավագանու քաղաքապետի թեկնածու, կա մեկ ջրբաժան՝ Երեւանի լուծված եւ չլուծված խնդիրները, այլ ջրբաժան ինձ համար չկա»։

Զոհրաբյանը նաեւ մտահոգություն հայտնեց. «Հասարակությանը չի կարելի պառակտել, չի կարելի նման կոչերով հանդես գալ: Եվ երկրորդ, եթե ասվում է, որ մնացածը սեւ ուժեր են, հարց եմ տալիս՝ ովքե՞ր են այսօր ուզում սեփականացնել ժողովրդի իշխանությունը, ասեք՝ մենք էլ ձեզ հետ միասին կամուֆլյաժը հագնենք, պայքարենք այդ սեւ ուժերի դեմ»։

ԲՀԿ-ն մտադիր չէ Երեւանի քաղաքապետի ընտրությունները շեղել այլ ուղղությամբ, մնալու է քարոզարզավի շրջանակում եւ երեւանցիներին ներկայացնելու է իր ծրագիրը։

ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն, ամեն դեպքում, արձանագրեց. «Ինձանից ավելի դուխով չլինեն, ինձանից ավելի հեղափոխական չլինեն»։

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սեւ ու սպիտակ ուժերի գոյության մասին եւ կոչ արեց ընտրել բացառապես իրենց՝ սպիտակ ուժերին։ Նա նաեւ ասաց, որ կան քաղաքական ուժեր, որոնք հեղափոխությանն են միացել վերջում, իրենց «ընկեր» են կոչում, «կոալիցիա» են ասում, բայց «խաղեր են տվել եւ խաղեր են տալիս հակահեղափոխականների հետ»։