Հիմնական զեկուցող Գեւորգ Կոստանյանը շատ հստակ տվեց բոլոր հարցերի պատասխանները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ինձ համար տարակուսելի են իմ իշխանական գործընկերների հայտարարությունները, որոնք որեւէ կապ չունեն խնդրի էության հետ։ Այստեղ կա լուրջ պրոբլեմ եւ խորհրդարանը չի կարող ունենալ վերացական դիրքորոշում, կրավորական կեցվածք։ Այո՛, խորհրդարանը պետք է ունենա հստակ կեցվածք, պետք է ունենա շատ հստակ գործառույթ եւ դրա համար Մայր օրենքից բխող «ԱԺ կանոնակարգ» օրենքով տրվել է մեզ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունքը»,-նշեց նա։ 

Պատգամավորը համոզված է՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը եթե մեկ տարի առաջ լիներ, Քննիչ հանձնաժողովի դեմ հանդես եկող «Ելք» խմբակցությունն էր ասելու ստեղծեք այդպիսի հանձնաժողով․ «Բոլոր նրանք, ովքեր փորձում են սահմանափակել ԱԺ պատգամավորների իրավունքները կրկնակի ստանդարտներ են կիրառում։ Եթե այս գործը լիներ 1 տարի առաջ, օդ կհանեիք պառլամետին,  դուք կասեիք քննիչ հանձնաժողով ստեղծեք։ Բա ի՞նչ է փոխվել։ Իրողությո՞ւն»։

Ելույթի վերջում Շարմազանովը կոչ արեց միահամուռ կերպով վստահություն տալ հանձնաժողովին, որը պետք է լինի ապաքաղաքական, ապակուսակցական եւ նրա գործառույթների հիմքում պետք է լինի ՀՀ պետակն շահն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ