Մեր շանսերը այնքան ենք գնահատում, որքան մեր քաղաքացիները հասունացել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Դավթաշենում և Աջափնյակում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե որքան է գնահատում իրենց հաղթանակի շանսերը, նա արձագանքեց. «Այնքան ենք գնահատում, որքան մեր քաղաքացիները հասունացել են եւ ցանկանում են ունենալ ծառայող պաշտոնյա, որը կարող է իրենց համար բարեկեցիկ կյանք ապահովել»:

Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ մինչ օրս եղած բոլոր քաղաքապետերը չեն գործել օրենքի շրջանակում եւ Երեւանի բյուջեն՝ 170 մլն դոլարը ծախսվել է ապօրինի նպատակներով. «Շատերը, որոնք ունեն գույք, դղյակներ, դրանք չեն գրանցել, շարունակում են մնալ անավարտ շինություն, եւ դրանց համար նրանք գույքահարկ չեն վճարում»: