Կա մի զանգված, որը միշտ առիթավորվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում փողոցային առեւտրի խնդրին:

«Ցանկացած հանրային բռնկումների իրավիճակում կա մի խումբ, որն օգտվում է առիթից. կլինի հեղափոխություն կամ մեկ այլ երեւույթ, միշտ կա մի զանգված, որն անմիջապես գլուխ է բարձրացնում»,- ասաց Արեյանը:

Քաղաքապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդրի լուծման համար պետք է միջամտեն հասարակական կառույցները, մասնագիտացված կառույցները:

«Մենք մեր ծառայությունը կատարում ենք ֆորսմաժորային, փակուղային վիճակում, որովհետեւ ուղղակի ֆիզիկապես ճնշում են գործադրում համայնքային ծառայողների վրա այդ քաղաքացիները: Սա արդեն կտանի փակուղի, կտանի վատ երեւույթի: Բայց սա անթույլատրելի, վտանգավոր երեւույթ է՝ քաղաքի, սննդի անվտանգության տեսանկյունից, մաքրության տեսանկյունից, բարոյական եւ հոգեբանական, տնտեսական տեսանկյունից: Ինչ է, պետք է մի ցավալի դեպք լինի, մի բռնկում, որ հետո նոր բոլորը զղջան ու հասկանա՞ն: Մի նայեք, թե դա ով է ասում, խնդրում եմ լսեք, թե ինչ եմ ասում. օգնեք այս երեւույթը վերացնելուն, չէ՞ որ վերացած էր»,- ասաց Կամո Արեյանը: