ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 6-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում սպանվել է հայ զինվոր, երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերության բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 112-իդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ):

Սարգսյանի հավաստմամբ` քրեական գործով կատարվել են անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանցանքը կատարողների շրջանակը պարզված է, այս պահի դրությամբ ձերբակալված կամ կալանավորված անձինք  չկան: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ միջադեպի հետեւանքով մահացել է ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը: