ՀՀԿ ԳՄ նիստում մենք արտահերթ ընտրությունների միանշանակ հարց չենք քննարկել եւ ես կարծում եմ, որ դա սխալ երեւույթ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Սերժ Սարգյա՞նն ինչ է մտածում՝ հարցին, Սահակյանը պատասխանեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել։

ԱԺ ինքնալուծարման հավանականության մասին Գալուստ Սահակյանի համոզմանքը հետեւյալն է. «Դա խայտառակ երեւույթ է։ Ինքնալուծարումը պետության համար ամենավտանգավոր երեւույթներից է»։ 

Նա նկատեց, որ ԱԺ–ն չի կարելի ինքնալուծարել, քանի որ դա սահմանող օրենսդրություն չկա։ Լրագրողների դիտարկմանը, որ դրա համար էլ սահմանադրական փոփոխություններ են պետք, Սահակյանը հակադարձեց. «Չեն լինի փոփոխություններ»։

Բողոքի զանգվածային ակցիաների մասին հիշեցմանը Սահակյանը պատասխանեց. «Մարդիկ թող դուրս գան, կենցաղային խնդիրները ներկայացնեն, մեկը տրանսպորտ, մեկը զիբիլի համար տեղ... քաղաքապետի ընտրություններում Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չասվեց, որ քաղաքապետը զինվորների ծնողներին մի քանի անգամ տարել է Ղարաբաղ»։

Լրագրողների հարցին՝ կցանկանա՞ք, որ վարչապետը հրաժարական տա, Սահակյանը պատասխանեց. «Իմ ցանկությունը հետեւյալն է, որ այնպիսի գործողություններ կատարվեն, որ մեր կառավարությունը զարգացում ապրի։ Այսօր կառավարությունում միայն Նիկոլ Փաշինյանն է, էլ ուրիշ մարդ չկա, ես չեմ կարող ասել՝ ինչպես կլինի հետագայում»։

Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն է վարել ԳՄ  նիստը, արդյո՞ք նշանակում է, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն՝ հարցին, Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»։

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ–ն չմասնակցեց, քանի որ ունեինք լավ քաղաքապետ, որը հրաժարական տվեց, բայց եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հանարապետականը կմասնացի։

«ԱԺ ընտրություններին, բնականաբար, պիտի մասնակցենք։ Եթե անգամ ՀՀԿ–ն շեմը չհաղթահարի, կմնանք միակ արժանապատիվ կուսակցությունը. մեր ծրագիրը կարդացեք եւ կհամոզվեք»,–պարզաբանեց Գալուստ Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ–ն ԱԺ–ում հաստատել է կառավարության ծրագիրը եւ ասել, որ մեկ տարում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ. «Մեկ տարին կլրանա, կխոսենք»։

Անդրադառնալով տեսակետներին, որ խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները եւ պետք են արտահերթ ընտրություններ, Գալուստ Սահակյանն ասաց. «Ցանկացած մարդ իր տեսակետն է ասում, Հանրապետականը երբեք ու երբեք որեւէ մեկի դեմ չէ, մենք ասում ենք, եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք եւ ինչքան ձայն կունենանք, այդ ձայներով կպայքարենք»։

Վարչապետի՝ Հայաստան գալուց հետո ՀՀԿ–ն կցանկանա՞ր քննարկումներ անել, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ վարչապետը կգա,  այդ ժամանակ կքննարկենք։

Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը ՀՀԿ պատգամավորը չբացառեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը այնպիսի խնդիրներ առաջարկի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որեւէ համագործակցություն։ Ցանկացած քաղաքական ուժ բոլոր  քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել, եթե դա պետության շահերից է բխում»։

Լրագրողի հարցին՝ ինչով է զբաղվելու Գալուստ Սահակյանը, երբ արտահերթից հետո խորհրդարանում չլինի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Քեզ թվում է՝ ես զբաղվելու բան չունե՞մ, ձեզ հետ կզբաղվեմ»։