Դեռեւս որեւէ բանակցություն մեզ հետ չի սկսվել, հետեւաբար բանակցությունների առարկայի մասին չեմ կարող խոսել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների հասնելու նպատակով ՀՀ վարչապետի կողմից քաղաքական ուժերի հետ բանակցություններ սկսելու թեմային:
«Երբ կսկսեն բանակցությունները, կլինի կոնկրետ առաջարկ, դա կքննարկենք:
Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպեն եւ պետք է ընտրվի խորհրդարան, որը կարտահայտի հասարակության կամքը: Մենք պետք է լսենք նախաձեռնողի առաջարկը:
Մենք ունենք մի իրավիճակ, երբ երկրում չունենք ընդդիմություն, որովհետեւ հետհեղափոխական իրավիճակ է: Մենք կունենանք ընդդիմություն, երբ կլինեն արտահերթ ընտրություններ»,-ասաց Մարուքյանը:
Հարցին, թե իրենց համարո՞ւմ են հեղափոխական ուժ, Մարուքյանը պատասխանեց. «Մենք չենք ասել, որ մենք հեղափոխական ուժ ենք, մենք ասել ենք, որ մենք պաշտպանում ենք հեղափոխությունը, հեղափոխության արժեքները, գաղափարները եւ դրա շրջանակներում է արտահերթ ընտրության գաղափարը»:
Նա հույս հայտնեց, որ սեւերի ու սպիտակների պայքարը չի շարունակվի. «Մենք որեւէ եմին չենք կշտամբել, երբ կա հայտարարություն մեզ հասցեագրված, մենք դրան արձագանքում ենք»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե խոսակցություններ կան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչեւ ընթացիկ տարվա վերջ անցկացնելու մասին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ եթե առաջարկ արվի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչեւ տարեվերջ անցկացնելու մասին, պետք է երաշխավորվեն նաեւ մնացած բոլոր հանգամանքները: «Եթե երաշխավորվում են, այո, մենք որեւէ խնդիր չենք տեսնում»,- նշեց Մարուքյանը:
Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելու դեպքում քաղաքական ուժերը պատրա՞ստ են, Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են: «Մենք պատրաստ ենք, քանի որ այս պահին արձանագրել ենք, որ մենք գոնե Երեւանի մասշտաբով երրորդն ենք: Հետեւաբար, եթե վաղը լինեն ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրորդը: Մյուս ուժերի համար ես չեմ կարող խոսել:
Պետք է բոլոր քաղաքական ուժերը գան եւ մասնակցեն բանակցություններին: Վարչապետը նշել է, որ եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ուժերը պետք է բանակցություններին մասնակցեն: Հետեւաբար, սա լայն կոնսոլիդացիայի հարց է, ինչը ես ողջունում եմ: Որքան շատ ուժեր ներգրավված լինեն այս բանակցություններում, որքան շատ ուժերի կարծիքներ ներկայացվեն քննարկման, այնքան ավելի մեծ կոնսենսուս կունենանք»,-ընդգծեց Մարուքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է սկսում խորհրդարանական ուժերի հետ:











