Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն նեգատիվ առումով: ՀՀԿ-ն, եւ կարծես թե ոչ միայն ՀՀԿ-ն ցույց են տվել հերթական անգամ, որ ճիշտ չեն գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ այն ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել:

Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, եւ Հայաստանում հակահեղափոխական են բոլոր նրանք, այն ուժերը, ովքեր պաշտպանել են եւ պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը. ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ պաշտպանում է այդ նախագծին, ես պաշտոնապես ասում եմ, որ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է եւ ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռեւանշի իշխանության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշեց նա:

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ տեղի չեն ունենա: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը: