Ինձ  մեղադրելու իրավունք ունի միայն ՀՀ սահմանադրությամբ  եւ գործող օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինը, մեղադրանքի մասին խոսք լինել չի կարող, այլ է խնդիրը, որ առանձին անձինք կամ չեն հասկանում, կամ հակված են չհասկանալ խնդրի էությունը։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 2-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե բոլորը մեղադրում են պատգամավորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգող օրինագիծ շրջանառության մեջ դնելու համար։ 

Պարզաբանող հարցին, թե ո՞րն է խնդրի էությունը, նա նշեց, որ խնդրի էությունը ԱԺ աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու անհրաժեշտությունն է։  «Այսինքն, եթե օբյեկտիվ պատճառով պատգամավորի համար անհնարին է դառնում նիստին մասնակցելը կամ մասնակցելու ընթացքում նիստը շարունակելը, այն ժամանակ նիստը համարվում է ընդհանտված։ Ես չգիտեմ այստեղ ով ինչ է որոնում, այդ նախաձեռնության հիմքում ընկած է զուտ իրավաբանական բնույթի նկատառում»։

Հովիկ Աղազարյանի այն խոսքերին, թե ԲՀԿ–ն ու Քոչարյանը փորձում են միասին հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, պատգամավորը նշեց. «Հովիկ Աղազարյանը միակ խաղաքարտը, որն ինքն իր համար ընտրել է, մեզ եւ պարոն Քոչարյանին իրար հետ կապելն է։ Մենք որեւէ քաղաքական կապ չունենք ՀՀ երկրորդ նախագահի եւ որեւէ համաձայնություն, կուլիսային պարտավորություններ չկան։ Հովիկ Աղազարյանը քանի որ մեծահոգաբար խոստովանեց, որ լրջորեն դեռ չի ծանոթացել ԱԺ կանոնակարգ օրենքին, ես կարծում եմ, որ մի մարդ եթե մայիսից պատգամավոր է եւ չի ծանոթացել կանոնակարգ օրենքին, նա բարոյական իրավունք ունի՞ արդյոք խոսել այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին, դատեք ինքներդ»։

Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե ո՞վ է հանդիպելու, ե՞րբ, որտե՞ղ։

Բովանդակության մասով Փաշինյանի ասածները, որ Սահմանադրական փոփոխություններ կմտցնեն ԱԺ կամ հուշագիր կստորագրեն, պատգամավորն ասաց, որ իրեն չեն հետաքրքրում. «Նիկոլ Փաշինյանը ինչ է ասել, ինձ մեծ հաշվով այս պահին չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե ինչ պիտի ասի մեր խմբակցությանը»։