Վարչապետ Նիոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից հետո համաձայնություններ չեն եղել, որեւէ բանավոր պայմանավորվածություն չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե արդյոք պատգամավորները վախենալով հանրային ճնշումից, չեն եկել ԱԺ, Գալուստ Սահակյանն ասաց. «Հա դե, չեք տեսնում վախվորած, անհարմար զգալով եմ եկել»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը չի եղել բանակցություններին, բայց վստահ է, որ որեւէ բան հնարավոր չէ բանակցել. «Նախ Ազգային ժողովը որոշում է կայացրել իրենց բերած օրինագծով, որ մեկ տարի հետո պետք է լինի, դա ընկնում է մայիս ամիսը: Հիմա ասում են արագացնենք, որովհետեւ երկրի տնտեսությունը քայքայվում է այս ճանապարհով: Ես էլ ասում եմ, էս 5 ամսում մի մարդ թող դրսից գար, ինչ որ մի բան դներ տնտեսության համար»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ժողովրդի պահանջն է, պատգամավորն ասաց, որ ժողովրդի պահանջն ինքը լավ է հասկանում. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզանում, որը ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնել ժողովրդին: Ժողովրդի պահանջով ես այսօր ԱԺ պատգամավոր եմ»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ արտահերթ ընտրություններից հետո էլ չի ընտրվի, Գալուստ Սահակյանն ասաց. «Դրսում էլ լինենք, էլի լավ կլինենք: Իրական հանրապետականները երբեք վախ չունեն, նրանք այն մարդիկ են, որ սովետի ժամանակ իրենց խնդիրները կարողացել են դնել Սովետական Միության առջեւ, այդ խնդիրը դեռեւս շարունակական բնույթ ունի, եւ Հայաստանը ինչքան մեծ զարգացում ունենա, հանրապետականը պետք է լինի այդ զարգացման կենտրոնում: Անհնար բան է, որ առանց հանրապետականի հնարավոր լինի որեւէ առաջընթաց մեր պետության համար»:
Թե ինչու է անհնար, պատգամավորն ասաց, որովհետեւ ամբողջ կառավարության մեջ միայն Նիկոլ Փաշինյանն է աշխատում, ուրիշ մարդ չկա, իսկ մեկ հոգով անհնար է:
«Հանրապետականը մինչեւ վերջ ոտքի վրա է լինելու, մինչեւ մեր պետությունը լինի ամենանորմալ, ամենամեծ առաջընթաց ունեցող մի իրավիճակում»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի մոտ եւ շրջափակեցին շենքը: Միայն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի եւ խմբակցությունների քննարկումից հետո քաղաքացիները հեռացան:











