Երբ ասում են՝ դուք չեք ներկայացնում որեւէ ժողովրդին, դա կեղծ թեզ է, ես ներկայացնում եմ ՀՅԴ-ին ձայն տված 103 հազար ընտրողներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա չբացառեց, որ երեկ ԱԺ շենքի մոտ հավաքված ժողովրդի մեջ կարող էին լինել նաեւ ՀՅԴ-ի ընտրողները. «Այդպես էլ կարող է լինել, իրավիճակ կարող է փոխվել, ժողովրդի տրամադրությունները հո նույնը չե՞ն մնում: Եթե մենք պետք է ջերմաչափ ունենանք եւ տրամադրությունները ստուգենք, տեսնենք փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, այդ դեպքում եկեք հետկանչի օրենք գրենք, որով եթե առաջանում է վիճակ, որ տեսնում ենք՝ այս պառլամենտը խափանում է օրինակ ներդրումները, այլ հարցեր, այդ դեպքում հետ կանչենք: Ոչ թե հարց լուծենք, որ այսօր մեզ է պետք: Մենք դա տեսել ենք, երբ քաղաքական շահից ու նպատակադրումից է որեւէ խնդիր լուծվում այս երկրում, հետո տեսնում ենք, թե ոնց է մեծ, կառուցված իշխանությունը փլվում: 80 տոկոսից ավելի հեղինակություն ունեցող իշխանություն ենք տեսել 1990-ականներին, բայց տեսանք ինչ եղավ»,-հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին, թե համաձայն չէ՞ տեսակետին, որ ԱԺ-ն չի վայելում ժողովրդի վստահությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Ես էլ ասում եմ՝ ցանկացած խորհրդարան մեկ տարի հետո տրամադրության փոփոխության պատճառով կարելի է դնել նրա վստահության հարցը: Ո՞վ է տվել երաշխիք, որ նոր ընտրված ԱԺ-ն մեկ տարի հետո նույն վստահության հարցը չի ունենալու»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ եւ դա լուծելու համար պետք են արտահերթ ընտրություններ դեկտեմբերի սկզբին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ինքը քաղաքական ճգնաժամի բաղադրիչները չի տեսնում. «Ես դրա մասին երեկ խոսել եմ վարչապետի հետ: Նա միակ պատճառը, որ բերեց, ասաց՝ ձեր ընդունած օրենքն է: Եթե այդ օրենքով է ճգնաժամ առաջացել, ուրեմն պետք չի խոսել, որ մինչ այդ եղել է քաղաքական ճգնաժամ: Ես չեմ համարում, որ այդ օրենքը քաղաքական ճգնաժամ է առաջացրել: Այդ օրենքը իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարելու խնդիրն է լուծում, ոչ թե շրջանցել սահմանադրական կարգը: Եթե ճիշտ են թեզերը, որ այս օրենքով պատերազմ ենք հայտարարել ժողովրդին, քաղաքական ճգնաժամ չի, կատաստրոֆա է ուղղակի: Այսինքն երկրում սկսվել է պատերազմական իրավիճակ»:

Ռուստամյանը նշեց, որ այսօր որեւէ ձեւով գործադիրի եւ օրենսդիրի միջեւ անհաղթահարելի հակասություններ չեն առաջացել. «ԱԺ-ն բոլոր բերած որոշումներն ընդունում է, ի՞նչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը; Մենք ստեղծում ենք քաղաքական ճգնաժամի տպավորություն, որ հետո հերոսաբար հաղթահարենք: Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ անընդհատ թշնամու կերպար է պետք, որ մոբիլիզացվենք այդ թշնամու դեմ: Այս հոգեբանությունը, որ մեկը մյուսի մեջ թշնամի է տեսնում, սա կարողանալո՞ւ ենք հաղթահարել»,-իր խոսքն ամփոփեց նա: