ԱԺ կանոնակարգ–օրենքում փոփոխության օրինագծի մասին տեղյակ է եղել վարչապետը, իմացել է նաեւ քվեարկության մասին եւ, դրանից հետո, կապվել է ԱԺ նախագահի հետ, ժամանակ է վերցրել, որ քննարկի եւ հաստատի ընտրությունները մյուս տարի անցկացնելը, բայց ժամը 7–ի դրությամբ ԱԺ–ն արդեն պաշարված էր քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը իրեն դիտողություն արել է՝ աղմկահարույց ցույցերի պատճառ դարձած օրինագիծ ներկայացնելու համար։
«Եվ մենք տեսնելով, որ վարչապետը ժամկետը վերցրել է ժողովրդին ԱԺ բերելու համար, որոշեցինք արտահերթ նիստ գումարել եւ քվերակել օրինագծի օգտին»,–ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Նրա համոզմամբ, վարչապետը ժողովրդին Խորհրդարան բերեց, քանի որ առանձին մարդիկ ապակողմնորոշում են նրան եւ ինտրիգներ հյուսում։
«Քվերակության քարտերի հանդեպ լիրիկական սեր ունեցողները քարտերը անհետացրել էին, վերցրել տարել էին։ Ինքնիրավչություն է դա կոչվում, կոռեկտության սահմաններում չէ, ի՞նչ իրավունք ունի մեկ այլ պատգամավոր գալ՝ իմ քարտերը վերցնել տանել։ Կանոնակարգը թույլ է տալիս առանց քարտերի քվերակել, դրա համար ձեռքով քվերակեցինք»,–նիստից մանրամասներ պատմեց Գեւորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ–օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իբրեւ խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու խոչընդոտ։
Օրինագծի քվերակության օրը վարչապետի կոչով ցուցարարները հավաքվել էին ԱԺ բակում, շրջափակել մուտքն ու ելքը եւ թույլ չէին տալիս պատգամավորներին դուրս գալ Խորհրդարանից։ Ավելի ուշ, վարչապետը քննարկում անցկացրեց խորհրդարանական ուժերի հետ եւ մարդկանց կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան։











